ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ԱՄՆ-ի դեսպանը ծաղիկ է դնում Եղեռնի զոհերի հուշարձանին, և դուք դա չե՞ք ուզում նկարահանել»

«ԱՄՆ-ի դեսպանը ծաղիկ է դնում Եղեռնի զոհերի հուշարձանին, և դուք դա չե՞ք ուզում նկարահանել»
21.03.2023 | 21:50

Ամառ էր: Ճանաչողական այցով Երևան էր ժամանել ԽՍՀՄ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արթուր Հարթմանը: Ինձ հանձնարարված էր լուսաբանել նրա ծրագրում ընդգրկված հանդիպումներից մի քանիսը:

Առաջին հանդիպումը Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանի հետ էր: Մեր նկարահանող խումբը արտգործնախարարությունում էր առավոտյան 9-ից մի կես ժամ առաջ: Նույնիսկ նախարարը դեռ չէր եկել: Իր հարկաբաժին մտավ այն ժամանակ, երբ սարքավորումներն արդեն տեղադրել էինք:

Ջոն Կիրակոսյանը հետաքրքրվեց, թե դեսպանի ծրագրի էլ ինչ միջոցառումներ ենք լուսաբանելու: Ես նրան մեկնեցի ծրագրի տպագիր օրինակը, որի վրա ՀԿԿ Կենտկոմի ինֆորմացիայի և արտասահմանյան կապերի բաժնի ցուցումով նշված էին լուսաբանման ենթակա հանդիպումները. ԱԳՆ-ից հետո` կառավարություն, հետո` Գերագույն խորհրդի նախագահություն:

Մյուս միջոցառումներից նկարահանվելու էին Անհայտ զինվորի գերեզմանին պսակ դնելու արարողությունը և գրքերի նվիրատվությունը Երևանի պետհամալսարանի գրադարանին:

- Եղեռնի հուշարձանին ծաղիկ դնելը չէ՞ք նկարում,- հարցրեց Ջոն Կիրակոսյանը:

Ես ասացի, որ նման հանձնարարություն չունենք:

Նախարարը ծրագիրը ձեռքին մտավ իր առանձնասենյակ, որի դուռը բաց էր, և ինձ էլ հրավիրեց նստել: Զանգահարեց:

- ԱՄՆ-ի դեսպանը ծաղիկ է դնում Եղեռնի զոհերի հուշարձանին, և դուք դա չե՞ք ուզում նկարահանել,- դողացող, բայց խիստ ձայնով հարցրեց Ջոն Կիրակոսյանը:

Ձայնն աստիճանաբար բարձրացավ այնքան, որ ես վեր կացա տեղիցս և կամաց դուրս եկա առանձնասենյակից: Բայց դռնից լսվում էր Ջոն Կիրակոսյանի ամեն մի բառը.

- Թող տեսնե'ն,- որոտում էր նախարարը,- թուրքերը թող տեսնեն, որ աշխարհի հզորագույն երկրի արտակարգ և լիազոր դեսպանը Ծիծեռնակաբերդ է այցելում և ծաղիկ է դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ըստ երևույթին, զրուցակիցն անկարող էր առարկել, քանի որ Կիրակոսյանը մոտեցավ մեր խմբին, ծրագիրը մեկնեց ինձ և ժպտալով ասաց.

- Կարող եք նկարահանել և ցույց տալ:

Այդպես էլ արեցինք:

Կարլ Յալանուզյան



Դիտվել է՝ 2809

Մեկնաբանություններ